Սեյրան Օհանյանը կարևորել է ԵՄ աջակցությունը ՀՀ պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին

Armenpress 14:54, 25 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 25-ին ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Եվրամիության գրասենյակի ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին` Սեյրան Օհանյանը նշել է, որ վերջին շրջանում ակտիվացել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները և նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը` հույս հայտնելով, որ Հայաստանի և Եվրամիության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և բոլոր հնարավոր ոլորտներում ձևավորված ակտիվ երկխոսությունը կլինի շարունակական:

Սեյրան Օհանյանը նշել է, որ Տրայան Հրիսթեան Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում իրականացրել է շատ ակտիվ և արգասաբեր աշխատանք՝ նպաստելով ԵՄ հետ Հայաստանի համագործակցության ընդլայնմանն ու ակտիվ փոխգործակցությանն ամենատարբեր ոլորտներում:

Կարևորվել է, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները ակտիվորեն ներգրավված են նաև Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում կազմակերպվող տարատեսակ համաժողովներին, դասընթացներին, կլոր սեղաններին, ինչը լավ հարթակ է ԱԳ ծրագրի մասնակից երկրների պաշտպանության և անվտանգության ոլորտում աշխատող մասնագետների միջև փորձի, ինչպես նաև կարծիքների և մոտեցումների փոխանակման համար:  

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Հրիսթեային Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակահատվածում՝ որպես միջազգային առանցքային կազմակերպության առաքելության ղեկավարի, կատարած աշխատանքի համար՝ վերջինիս մաղթելով հաջողություններ և նորանոր բարձունքներ հետագա աշխատանքային գործունեության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am