Համահայկական խաղերին առողջապահական միասնական շտաբ կկազմավորվի

Armenpress 17:53, 22 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հուլիսի 22-ին մասնակցել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընդլայնված կազմով խորհրդակցությանը:

Խորհրդակցությունն ընթացել է կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, որին մասնակցել են Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի, ՀԽՀԿ գործկոմի անդամներ, աշխատակազմի ներկայացուցիչներ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ արտերկրից ժամանող պատվիրակություններին պատշաճ կերպով դիմավորելը և ճանապարհելը, տրանսպորտային միջոցների անհրաժեշտ քանակությունն ապահովելը, Համահայկական ամառային 6-րդ խաղերն ընդունող բոլոր քաղաքները համապատասխան խորհրդանշաններով զարդարելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, խորհրդակցության ընթացքում անդրադարձել են նաև առողջապահական միասնական շտաբ կազմավորելու և խաղերի անցկացման վայրերում առաջին շտապբուժօգնության խմբի ձևավորման հարցերին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ու ԱԱԾ-ի կողմից խաղերի մասնակիցների և հյուրերի կարգապահության, անվտանգության, պատշաճ կարգուկանոնի ապահովմանն ու կազմակերպչական այլ հարցերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am