Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունը հրապարակել է իշխող ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմելու իր պայմանը

Armenpress 18:36, 20 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում պատգամավորների թվով երկրորդ տեղ զբաղեցնող գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հրապարակել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ կոալիցիոն կառավարություն ձեւավորելու իր գլխավոր պայմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ կոալիցիոն կառավարություն կազմելու համար ԱԶԿ-ն պետք է պատժի ապօրինություններ թույլ տված պաշտոնյաներին:

«Մեր գլխավոր պայմանը ապօրինություների անպատժելիության վերացումն է: Ապօրինությունների համար հաշիվ չպահանջելը հավասարազոր է ԺՀԿ-ի վերացմանը», -ասել է նա: Քըլըչդարօղլուն հավելել է, որ իրենց հետ կոալիցիա կազմելու որոշումը կախված է այն բանից, թե ԱԶԿ-ն ինչքանով է համամիտ ապօրինությունների վերացման իրենց պահանջի հետ:

Կոալիցիոն կառավարության հարցում նման պայմանը կապված է 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Թուրքիայում բացահայտված կոռուպցիոն սկանդալի հետ, որով մերկացվել էին թուրքական կառավարության 4 անդամների, այդ թվում` այն ժամանակ Թուրքիայի վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները: Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Չնայած Էրդողանի հանձնարարությամբ անմիջապես պաշտոնաթող էին արվել կոռուպցիոն սկանդալին մասնակից 4 նախարարները, սակայն, հետո չեղյալ էին հայտարարվել նրանց նկատմամբ դատախազության ներկայացրած դատական հայցերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am