Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են էներգետիկ համագործակցության հարցեր

Armenpress 19:19, 9 Հուլիս, 2015

ՄՈՍԿՎԱ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը և քննարկել երկու դաշնակից երկրների փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք կարևորվել է տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի շարունակականությունը և նոր նախագծերի իրականացումը: Կողմերն անհրաժեշտ են համարել ավելացնել ապրանքաշրջանառության ծավալները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին: Վարչապետները քննարկել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Երկու երկրների վարչապետները կարևոր են համարել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության զարգացումը:

Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են նաև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: ՀՀ և ՌԴ վարչապետները պայմանավորվել են շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին և ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանն առնչվող հարցերն ու ծրագրերը:

Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման ու զարգացման հնարավորություններին առնչվող բազմաթիվ հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am