ՀէՑ-ում տեխնիկական աուդիտի պահանջ կա. Գագիկ Մակարյան

Armenpress 12:49, 9 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի խնդիրները բացահայտելու համար միայն ֆինանսական աուդիտի անցկացումն արդյունավետ չէ, հարկավոր է նաև տեխնիկական աուդիտ: Այս կարծիքին է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով` ՀԷՑ-ում աուդիտի անցկացումը լավ գաղափար էր, սակայն աուդիտը պետք է ներառի նաև տեխնիկական բաղադրիչը:

«Ֆինանսական աուդիտից բացի, հարկավոր է նաև տեխնիկական աուդիտ, այսինքն` աուդիտ, որը թույլ է տալիս պարզել` համակարգը զարգացվածության ինչպիսի մակարդակ ունի, ինչ վերանորոգումների և ներդրումների կարիք կա, կորուստները հիմնականում որտեղ են և այլն: Դա թույլ կտա բացահայտել` տվյալ ընկերությունը բաշխիչ ցանցերի շահագործման տարիներին կատարե՞լ է արդյոք անհրաժեշտ ներդրումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մակարյանը:

Նա տեղեկացրեց, որ նամակով դիմել է ՀՀ  վարչապետին և առաջարկել երկու մասնակից` տեխնիկական աուդիտի անցկացման ժամանակ: «Հայաստանում կան լավ մասնագետներ, ովքեր  գիտեն ցանցի աշխատանքը և դրան վերաբերող խնդիրները: Նրանք կարող են մասնակցել աուդիտին»,- հավելեց Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով` պետութունը ունի բոլոր լծակները պատժամիջոցներ կիրառելու տվյալ ընկերության դեմ, եթե վերջինս չի կատարել անհրաժեշտ աշխատանքները:

Գործատուների միության նախագահի խոսքով` պետք է կատարել անհրաժեշտ քայլերը, որպեսզի էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը սպառողներից բացի չազդի նաև բիզնեսների վրա: «Էլեկտրաէներգիայի թանկացումը մեծ ազդեցություն կարող է թողնել ապրանքների ինքնարժեքի վրա, իսկ դա կհանգեցնի միջազգային շուկաներում դրանց մրցունակության նվազմանը: Սա լուրջ հարված կարող է դառնալ փոքր և միջին բիզնեսների համար»,- ասաց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am