Ռազմական ինստիտուտում բացվել է Զորիկ Գևորգյանի անվան լսարան
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում բացվել է ինստիտուտի շրջանավարտ, 2014 թ. օգոստոսին հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս արիաբար զոհված Զորիկ Ժիրայրի Գևորգյանի անվան լսարան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Զորիկ Գևորգյանի հարազատները, ինստիտուտի սպայական կազմի ներկայացուցիչներ և կուրսանտներ: Նորաբաց լսարանում հյուրերին ողջունել է ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը և խոսեց նախորդ տարվա օգոստոս ամսվա թեժ մարտերի մասին, որոնց ընթացքում արիաբար մարտնչեց և զոհվեց հետախույզ Զորիկ Գևորգյանը:
Լսարանի բացման արարողությունից հետո ինստիտուտի դահլիճում տեղի է ունեցել խիզախ սպա, ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանի հիշատակին նվիրված մեծարման ցերեկույթ: Ինստիտուտի կուրսանտները, իբրև եղբայրության և հավերժ հիշատակի նշան, հնչեցրել են Զորիկ Գևորգյանին նվիրված երգեր ու բանաստեղծություններ: