Հայաստանում քննարկել են ՌԴ-ի հետ միգրացիոն համագործակցությանն առնչվող հարցեր
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության (ԴՄԾ) հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Լեոնիդ Տրիշկինին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, սա Լ. Տրիշկինի առաջին այցն էր ՏԿԱԻՆ:
Հուլիսի 7-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են միգրացիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցության հարցերն ու սպասվող ծրագրերը: Նախարար Երիցյանը հատուկ ուշադրություն է դարձրել ՌԴ մուտքի խնդիր ունեցող ՀՀ քաղաքացիների հարցին՝ հատկապես ՌԴ-ում բնակվող այն 173000 ՀՀ քաղաքացիներին, ովքեր, գտնվելով ՌԴ տարածքում, դժվարանում են լքել Ռուսաստանի տարածքը, քանի որ հետո ՌԴ վերադառնալու խնդիր են ունենալու: Քննարկվել են նաև ՀՀ-ում ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության և համապատասխանաբար ՌԴ-ում ՏԿԱԻՆ ներկայացուցչության իրավական կարգավիճակի հարցերը:
Նախարար Արմեն Երիցյանն ու Լեոնիդ Տրիշկինը պայմանավորվել են համատեղ քայլեր և լուծումներ մշակել քննարկված հարցերի շուրջ: