Արմեն Աշոտյանը միջազգային օլիմպիադաներից մեծ ակնկալիքներ ունի

Armenpress 09:45, 7 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մեծ ակնկալիքներ ունի առարկայական միջազգային օլիմպիադաներում Հայաստանը ներկայացնող աշակերտներից: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախարարը նշեց, որ չի ցանկանում շատ առաջ ընկնել, բայց, իհարկե, ակնկալիքները մեծ են:

«Վերջին տարիներին մեր աշակերտները պարզապես փայլել են միջազգային առարկայական օլիմպիադաներում՝ ամեն անգամ ինչ-որ նոր նիշ  գրավելով և նոր ռեկորդ սահմանելով: Անցյալ տարի մենք ունեցանք մեր անկախության տարիների ընթացքում ամենամեծ թվով օլիմպիական մեդալները. հայ աշակերտները 19 մեդալ էին բերել: Դա մի քանի անգամ ավելի շատ էր, քան հարևան երկու պետություններինը միասին վերցված»,-նշեց Արմեն Աշոտյանը:  

ԿԳ նախարարի խոսքով՝ իրենք մեդալների թվային  պլանավորում չունեն:

«Ամեն մի օլիմպիադա յուրահատուկ է, և շատ կարևոր  է աշակերտների համար ստեղծել համապատասխան պայմաններ, ինչը մենք արել ենք՝ կազմակերպելով նրանց լրացուցիչ պարապմունքները, ճամբարները Ծաղկաձորում, տարբեր ուսումնական բազաներում: Մասնագետներն իրենց հետ աշխատել են: Ցավոք, մեր թիմը Բաքվի քիմիայի օլիմպիադային չի մասնակցի, բայց մնացած օլիմպիադաներին մենք մարտական ենք տրամադրված: Հաջողություն  մաղթենք մեր երեխաներին և անհամբեր սպասենք իրենց արդյունքներին»,-հավելեց Արմեն Աշոտյանը:

Միջազգային օլիմպիադաներն արդեն իսկ մեկնարկել են:Մումբայում (Հնդկաստան) հուլիսի 5-12-ն անցկացվում է ֆիզիկա առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան: Հայաստանն օլիմպիադային կներկայանա հինգ մասնակցով:

Հուլիսի 4-16-ն էլ Թայլանդում անցկացվում է մաթեմատիկա առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան, որին մեր երկիրը կմասնակցի վեց հոգուց բաղկացած թիմով:

Հուլիսի 12-19-ը Դանիայի Օրհուս քաղաքում կանցկացվի դպրոցականների կենսաբանություն առարկայի 26-րդ միջազգային օլիմպիադան, որին կմասնակցի չորս պատանի: Հուլիսի 26-ից օգոստոսի 2-ը Ղազախստանում չորս պատանի կմասնակցի ինֆորմատիկա առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադային, իսկ հուլիսի 26-ից օգոստոսի 4-ը Ինդոնեզիայում կանցկացվի աստղագիտության օլիմպիադան: Հայաստանն այս իրադարձությանը կներկայանա 5 հոգանոց կազմով: Ռուսաստանի Դաշնության Տվեր քաղաքում օգոստոսին տեղի կունենա աշխարհագրություն առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան, որին Հայաստանից կմասնակցի երեք պատանի: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am