Շիրակում ավելացել է աշխատանք փնտրողների թիվը

Armenpress 13:44, 6 Հուլիս, 2015

ԳՅՈՒՄՐԻ,  6  ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզում նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի հետ համեմատ ավելացել է աշխատանք փնտրողների թիվը: Եթե անցած տարի հունիսի 1-ի դրությամբ մարզում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության  Գյումրու տարածքային կենտրոնում գրանցվել էր աշխատանք փնտրող 9294 քաղաքացի, ապա այս տարի, նույն ժամանակամիջոցին, աշխատանք փնտրող  քաղաքացիների թիվն աճել է 43.2 տոկոսով  և կազմում է 13311 մարդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին տարածքային զբաղվածության կենտրոնից,  աշխատանք փնտրող քաղաքացիների ավելի քան  88 տոկոսն ունի գործազուրկի կարգավիճակ. այս ցուցանիշը  ևս 25 տոկոսով աճել է: Ի դեպ, մարզում շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է  գործազուրկների 71 տոկոսը: Գործազուրկների մեջ մեծ թիվ են կազմում ճարտարագետները, մանկավարժները, բուժքույրերը, ֆինանասիստները, տեխնիկները, վարորդները, վաճառողները, բանվորները և այլն: Աշխատաշուկայում անմրցունակ անձանց թիվը կազմում է գործազուրկների 94 տոկոսը:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am