Ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները Նոր Խարբերդ թաղամասում կլինեն շարունակական
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասում իրականացվող կենսական անհրաժեշտության նոր ենթակառուցվածքների ստեղծման, եղածի վերականգնման ու բարեկարգման բազմաբնույթ, լայնածավալ աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով Տարոն Մարգարյանն այցելել է թաղամաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեռևս 1969 թվականին հիմնված թաղամասը, որն այսօր ունի շուրջ 8000 բնակչություն, ի սկզբանե չի ունեցել գազամատակարարման, խմելու ջրի և ջրահեռացման (կոյուղատար), էլեկտրամատակարարման, ոռոգման ջրի, արտաքին լուսավորության ձևավորված և կայուն գործող համակարգ, չեն իրականացվել ճանապարհաշինական աշխատանքներ։
Քաղաքապետին ներկայացնելով Նոր Խարբերդում իրականացվող համալիր ծրագրի ընթացքը` պատասխանատուները զեկուցել են, որ 2013-2015թթ. կառուցվել է 3.2 կմ երկարությամբ գազատար, որով առաջին անգամ ապահովվել է գազի մուտքը թաղամաս։ Էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով էլ տեղադրվել է 95 նոր հենասյուն, կառուցվել է ենթակայան, թարմացվել և հզորացվել է 8 կմ հաղորդալար։ Անցած ժամանակահատվածում զգալի աշխատանքներ են տարվել նաև թաղամասի ջրամատակարարման ապահովման ուղղությամբ: Ըստ այդմ, կառուցվել է 2.2 կմ խմելու նոր ջրագիծ, բարելավվել է ջրի որակը և ջրամատակարարման տևողությունը։ Ոռոգման խնդիրը լուծելու նպատակով էլ կառուցվել է 2.3 կմ նոր ջրագիծ, տեղադրվել են նոր պոմպեր։ Ներկայացնելով աշխատանքների ընթացքը` զեկուցվել է նաև, որ քառամյա ծրագրի շրջանակում լուծվել է թաղամասի 8 փողոցների ասֆալտապատման և բարեկարգման, ինչպես նաև 6 փողոցների արտաքին լուսավորության խնդիրը: Կարևորելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է հետևողականորեն շարունակել աշխատանքները՝ թաղամասի բնակիչներին խոստացած բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար:
«Քաղաքապետարանը գործընկեր կառույցներ՝ «Գազպրոմ Արմենիա», «Երևան Ջուր» և ՀԷՑ ընկերությունների հետ համատեղ վերջին տարիներին զգալի աշխատանքներ իրականացրեց Նոր Խարբերդ թաղամասում՝ լուծելով տասնամյակներ շարունակ կուտակված բազմաթիվ խնդիրներ: Այս ծրագրերի կյանքի կոչումն իսկապես սպասված էր թաղամասի բնակիչների համար, և մենք արադարացնելով նրանց սպասելիքները` կարողացանք ապահովել բնակության համար առաջանային անհրաժեշտության ենթակառուցվածքները: Խնդիրները Նոր Խարբերդում շատ են, քանի որ այն եղել է ամառանոցային թաղամաս, սակայն գույքագրելով այդ խնդիրները` փորձելու ենք հետզհետե լուծումներ տալ դրանց: Վստահեցնում եմ, որ այս ծրագրերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի ծայրամասային համարվող այս թաղամասը ևս լիարժեք հարմարավետ դառնա բնակիչների համար»,- ընդգծել է քաղաքապետը:
Նա զրուցել է նաև բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրները: Շնորհակալություն հայտնելով կատարած լայնածավալ աշխատանքների համար` բնակիչները նկատել են, որ իրենց տրված խոստումներն այսօր արդեն իրականացված աշխատանք է, որին սպասել են տասնամյակներ շարունակ:
Քաղաքապետի այցի շրջանակում հանդիսավորությամբ տրվել է նաև Նոր Խարբերդ թաղամասի գազամատակարարման մեկնարկը: Խորհրդանշական ջահը վառել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Արարատ Գևորգյանը:
Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոստման համաձայն, 2013 թվականից Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասում մեկնարկեցին կենսական անհրաժեշտության նոր ենթակառուցվածքների ստեղծման, եղածի վերականգնման ու բարեկարգման բազմաբնույթ, լայնածավալ աշխատանքներ։