Դավութօղլուն պաշտպանության նոր նախարար է նշանակել

Armenpress 14:39, 3 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն պաշտպանության նոր նախարար է նշանակել Վեջդի Գյոնուլին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

Վեջդի Գյոնուլն այդ պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2011 թվականը: Ներկայում նա թուրքական խորհրդարանի պատգամավոր է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ):

Ավելի վաղ նշվում էր, որ Թուրքիայի ՊՆ ղեկավարի պաշտոնի թեկնածուներ են ԱԶԿ-ից պատգամավորներ Ալփասլան Քավաքլըօղլուն եւ Մահիր Ունալը: Գյոնուլի թեկնածության մասին չէր հիշատակվում:

Դավութօղլուն Վեջդի Գյոնուլին ՊՆ ղեկավար նշանակելու մասին իր որոշումն արդեն ներկայացրել է Թուրքիայի նախագահի հաստատմանը:

Հետաքրքիր է, որ այդ նշանակումը կատարվել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում կոալիցիոն կառավարություն ձեւավորվելու ժամանակաընթացքում, որի ավարտին դեռեւս 44 օր կա, եւ դեռ հայտնի չէ, թե այդ երկրում ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությամբ կձեւավորվի կոալիցիոն կառավարություն, թե Թուրքիան կգնա նոր` արտահերթ խորհրդարանական ընտրությունների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am