ՀՀ ԱԳ նախարարին գոհացնում է Մեծ Բրիտանիայի հետ շարունակական քաղաքական երկխոսությունը

Armenpress 19:49, 1 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության հարցերով տնօրեն Նիք Գըրին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում, և գոհունակություն հայտնել շարունակական քաղաքական երկխոսության կապակցությամբ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիք Գըրն ասել է, որ իր այցելության նպատակն է առաջին ձեռքից ծանոթանալ տարածաշրջանում ընթացող գործընթացներին և դրանց վերաբերյալ մոտեցումներին։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շուրջ։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության հարցերով տնօրենը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը տարբեր երկրներում իրականացվող խաղաղապահ գործողություններին։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի սադրիչ, ռազմատենչ հռետորաբանության, Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական զինուժի կողմից զինադադարի կոպիտ խախտումների վրա։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am