Գաբրիել Ղազարյանը Եվրոպական խաղերում հայ մարզիկներից ավելի մեծ ակնկալիքներ ուներ

Armenpress 10:48, 1 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բավքի Եվրոպական խաղերը պետք է դիտարկել իբրև հերթական միջազգային մրցաշար, որին մասնակցեցին նաև հայ մարզիկները: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: «Սա ընդամենը ևս մեկ միջազգային մրցաշար էր, որին մասնակցեցին հայ մարզիկները: Ես նրանց մասնակցությունը գնահատում եմ դրական: Նշեմ, որ մեր բազմաթիվ մարզիկներ այս խաղերում ընդհուպ մոտ են եղել մեդալների: Մերոնց մրցելույթները Եվրոպական խաղերին պետք է գնահատել նաև այս դիտանկյունից: Ես սպասում էի ավելի լավ արդյունքների, ցավոք, ակնկալիքներս մասամբ են արդարացվել»,-ասաց նախարարը:

Խոսելով մրցավարության հետ կապված տարաձայնությունների մասին՝ նախարարը փաստեց, որ հանդիպել և այդ թեմայով զրուցել է Հայաստան վերադարձած մեր պատվիրակության անդամների հետ: «Ասեմ, որ մրցավարությունը եղել է բավականին օբյեկտիվ, այո՝ բացառությամբ բռնցքամարտի»,-եզրափակեց Ղազարյանը:  

Առաջին Եվրոպական խաղերին Հայաստանը ներկայացել էր 25 մարզիկով, որոնցից միայն հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը նվաճեց արծաթե մեդալ: Հայաստանի հավաքականը մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում զբաղեցրեց 36-րդ տեղը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am