Բաղրամյանում ցուցարարները ցանկանում են բարձրախոսներ տեղադրել, ոստիկանները պահանջում են թույլտվություն ստանալ

Armenpress 21:14, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան պողոտայում ցուցարարները լարում են իրավիճակը`չենթարկվելով անօրինական գործողությունների չդիմելու ոստիկանության հորդորներին: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ցուցարարները բարձրախոսները մոտեցրել են բարիկադներին, իսկ ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել բարիկադների մոտ և ցանկանում է հեռացնել բարձրախոսները:

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հորդորով ոստիկանները, սակայն, նահանջեցին հետ: Մինչ այդ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ևս մեկ անգամ հորդորեց բարիկադ ծառայող աղբարկղերի վրա բարձրախոսներ չտեղադրել:

Երևանի փոխոստիկանապետը նշեց, որ դա անօրինական է, և ցուցարարներին հորդորեց նախ լիազոր մարմնից թույլտվություն ստանալ բարձրախոսներ տեղադելու համար, որից հետո միայն ոստիկանությունը կթույլատրի: Այլապես ոստիկանությունը կխոչընդոտի դրանց տեղադրումը: Մինչ այդ իրավիճակը հանդարտ էր, հասարակական կարգը պաշտպանում էր ընդամենը մեկ տասնյակին մոտ ոստիկան, իսկ ակցիայի մասնակիցների թիվը զգալիորեն քիչ է` նախորդ օրերի համեմատ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am