Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչը մեկնաբանել է Բաքվում հայ մարզիկների ելույթները

Armenpress 14:02, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ըմբիշների անհաջող ելույթը Եվրոպական խաղերում կապում է հոգեբանական ոչ վստահ վիճակի հետ: «Սա սպորտ է, բայց մենք տրամադրված էինք մեկնել Բաքու: Մեր տղաները սպասվածից ցածր հանդես եկան: Վատ մասնակցության պատճառը հոգեբանական կողմն էր, մեր մարզիկները հոգեպես պատրաստ չէին: Միայն Լևան Բերյանիձեին կառանձացնեմ, ով զբաղեցրեց 5-րդ տեղը: Մնացած ըմբիշների մասին խոսելով` կասեմ, որ մրցավարական  խախտումներ եղան և ազդեցին արդյունքի վրա: Առաջին մեկ րոպեից հետո առաջին նկատողությունը տալիս էին մեզ: Չեմ ուզում ասել, որ միայն մրցավարներն էին մեղավոր. եթե մի տեղ կա մրցավարի գործոնը, պարզ է, որ կարող է համակրանք և կողմնապահություն լինել: Ես տղաներից գոհ եմ, սա անկում չէր, առջևում աշխարհի առաջնությունն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Բաղդադյանը:

Վերջինիս խոսքով` իրենք Բաքվում անվտանգության հետ կապված խնդիրներ չեն ունեցել: «Մեր մարզիկներից ամեն մեկի հետ էլ զրույցել եմ առանձին, իրենք իրենց վատ են զգում, որ մեդալ չեն նվաճել: Բայց նորից եմ ասում, պետք չէ այս ամենը ցավագին ընդունել:  Եթե մասնակցել ենք Բաքվի խաղերին, ուրեմն պետք էր, որ մասնակցեինք»,-շեշտեց նա:

Բաքվի Եվրոպական խաղերում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ներկայացել էր 6 մարզիկով` Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Մուրսա Մուրթազալիև(86 կգ), Լևան Բերյանիձե (125կգ):   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am