Պատանի հայ ըմբիշները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Armenpress 15:24, 29 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը ուսումնամարզական հավաքի միջոցով նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիան:

Օգոստոսին Սերբիայում կայանալիք պատանիների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը լավագույնս նախապատրաստվելու նպատակով ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը գլխավոր մարզիչ Արշակ Հայրապետյանի ղեկավարությամբ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի օլիմպիական մարզահամալիրում:

Օգոստոսի 4-9-ը Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ընթանալու է պատանիների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Ըստ մրցաշարի ժամանակացույցի՝ այդ ստուգատեսում առաջինը մրցապայքարի ոլորտ են ներգրավվելու ազատ ոճի ըմբիշները, որոնք մեդալներ կխաղարկեն օգոստոսի 4-5-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am