FIDH-ը ՄԱԿ-ին կոչ արել արձագանքել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին

Armenpress 22:01, 26 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային իրավունքի պաշտպանության կազմակերպությունների ֆեդերացիան (FIDH) ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ արձագանքել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, 25 երկրի ներկայացուցիչներիկց կազմված FIDH-ն այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 29-րդ նստաշրջանում:

Խորհրդի օրակարգ մտցված համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ Ադրբեջանում սահմանափակվում են քաղաքացիական հասարակության գործունեությունը, կառավարության քննադատները ձերբակալվում են, եւ անհանգստություն է հայտնվում անկախ անձանց, հատկապես, իրավապաշտպանների հետապնդունմների առնչությամբ:

Հայտարարության մեջ Ադրբեջանի իշխանությանը կոչ է արվում ազատ արձակել շինծու մեղադրանքներով ձերբակալված իրավապաշտպաններ եւ հասարակական գործիչներ Ինթիգամ Ալիեւին, Անար Մամեդլիին, Ռասուլ Ջաֆարովին, Լեյլա եւ Արիֆ Յունուսներին եւ Խադիջա Իսմայիլովային:

«Միջազգային հրապարակում Ադրբեջանում իրավիճակի նկատմամբ նման ուշադրությունը բարձր աստիճանի անհանգստության ցուցանիշ է եւ ազդարարում է Եվրոպական խաղերն անցկացնող երկրում մարդու իրավունքների ծանր իրավիճակի մասին», -ասվում է FIDH կողմից ընդունված հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ առանձին ընդգծվում է, որ եթե Ադրբեջանի իշխանությունն արհամարհի այս կոչերը, FIDH-ը 2015 թվականի սեպտեմբերի 30-ին անցկացվելիք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 30-րդ նստաշրջանում կոչ է անելու Ադրբեջանում մարդու իրավունքների իրավճակի գծով մոնիթորինգային մեխանիզմը որոշող բանաձեւ ընդունել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am