Երևանյան բեսթսելեր 3/18. «Թլփատվածները» եռագրությունը վերադարձել է վարկանիշային աղյուսակ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
Հակոբ Սողոմոնյանի Մեծ եղեռնին նվիրված «Թլփատվածները» եռագրությունը այս շաբաթ երկրորդ հորիզոնականում է: «Ես «Թլփատվածներին» ստեղծեցի, որպեսզի կարողանամ լիարժեք մտածել զղջման և ներման մասին: Եվ քանի որ գիտեմ, թուրքերը, իհարկե, որոշ բացառություններով, ընդունակ չեն զղջման, որովհետև տեսակը երբեք չի փոխվում, գնացի վրեժխնդրության ճանապարհով: Բայց այնքան էլ ճիշտ չէ, որ «Թլփատվածներին» ես եմ ստեղծել: Չեմ ուզում ասել, թե նրանց ստեղծել է անցյալը, աշխարհն իր սառցե սրտով կամ թուրքերն իրենց ժխտողականությամբ և կամ հայերն իրենց հատուցման պահանջով: «Թլփատվածներին» ստեղծել է ապագան: Նրանք գալիս են ապագայից, որպեսզի կարգավորեն ներկան ու ստեղծեն արդար ապագա: Ոչ միայն հայի ու թուրքի համար, այլև ողջ մարդկության համար: Բայց այդ ճանապարհով ստեղծված ապագան և արդարությունը զարհուրելի են: «Թլփատվածները» գալիս են, իսկ նրանք գալու են անպայման, վրեժխնդիր են լինելու, որպեսզի մենք կարողանանք ներել: Բայց, կրկնում եմ, կկարողանա՞նք ներել: Եվ հարցը, որ տրված է գրքի անոտացիայում՝ Կասանդրան գուժում, թե՞ ավետում է «Թլփատվածների» գալուստը, ինձ համար դեռ չունի պատասխան»,-իր գրքի մասին գրել է հեղինակը:
Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում» նոր վեպը երրորդ հորիզոնականում է: Մարտիրոսյանի վեպի վերնագրի երանգը հուշում է, թե սա ամենաանհավանական արկածն է, որ կարող է պատահել Մոսկվայում, բայց այն իսկապես սիրո պատմություն է: Վեպի հերոսները սիրահարվում են և երջանիկ են միասին, ասես անկշռելիության թաղանթում, մինչև այն ճեղքում ու ներս է թափանցում իրականությունը՝ երեկ աշխարհակալ-միաձույլ, այսօր ազգային հակասություններից, սոցիալական անարդարությունից ու բռնություններից ծվատվող մեգապոլիսը:
Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: «Մանդիլիոն» գիրքն այս շաբաթ չորրորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:
Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» բեսթսելերը, որ բնորոշվել է իբրև XIV դարի դեկորներում ծավալվող փիլիսոփայական կամ աստվածաբանական դետեկտիվ, միջնադարյան աշխարհն իր բոլոր շերտերով ընդգրկող հանրագիտարանի արժեք ունի և դրա հետ մեկտեղ պոստմոդեռնիստական գրականության կոթողներից մեկի համարում: Նոր «Վարդի անունը», որտեղ հեղինակը բազմաթիվ խմբագրական ու լեզվական շտկումներ է արել, ինչ-ինչ կրճատումներ, մասնավորապես լատիներեն մեջբերումների առումով, լույս տեսավ 2013-ին, և ֆրանսերենից հետո հայերենը երկրորդ լեզուն է, որով թարգմանվել է:
Հաջորդ հորիզոնականում է Գրիգոր Նարեկացու` «ՄՀՄ» և «Նահապետ» հրատարակչությունների լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը յոթերորդն է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը: Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, ութերորդն է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ինքնակենսագրական «Մայրիկ» գիրքը իններորդ հորիզոնականում է: Այն հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը՝ դրանով իսկ նվաճելով վերապրելու իրենց իրավունքը:
Վարկանիշային աղյուսակը եզրափակում է բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը» : Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ 1 0Անտուան դը Սենտ Էկզյուպերի
«Փոքրիկ իշխանը»
Անտարես/Էդիթ Պրինտ 20/16 2 *Հակոբ Սողոմոնյան
«Թլփատվածները»
Էդիթ Պրինտ 12 3 -1Վահրամ Մարտիրոսյան
«Սերը Մոսկվայում»
Անտարես 10 4 *Վահան Հովհաննիսյան
«Մանդիլիոն»
Անտարես 8 5 *Ումբերտո Էկո
«Վարդի անունը»
Անտարես 7 6 0Գրիգոր Նարեկացի
«Մատյան ողբերգության»
ՄՀՄ/ Նահապետ 7/5 7 +3Գաբրիել Գարսիա Մարկես
«Սերը ժանտախտի օրերին»
Բուկինիստ 7 8 0Գարսիա Մարկես
«100 տարվա մենություն»
Բուկինիստ 7 9 *Անրի Վեռնոյ
«Մայրիկ»
Առպրինտ 7 10 -3Պաուլո Կոելյո
«Ալքիմիկոսը»
Անտարես 6Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
- «Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մարտ,
2024
- Հայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության
նախարարին
- «Երևանյան բեսթսելեր»․ «Ջունգլիների գիրքը» ՝ առաջատար. մանկական.
փետրվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն ՝ առաջատար.
փաստավավերագրական, հունվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Բվիկ Բուուի արկածները» ՝ առաջատար. մանկական.
հունվար, 2024