Ճապոնիայի դիվանագիտական ներկայացուցչությունը կխթանի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը

Armenpress 14:55, 2 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան Էյձի Տագուչին հունիսի 2-ին հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ և բեղմնավոր գործունեություն մաղթելով` նախարար Նալբանդյանը կարևորել է Երևանում Ճապոնիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը՝ հույս հայտնելով, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ փոխհարաբերությունների զարգացմանը։ Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի կողմից անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերված շարունակական աջակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպան Էյձի Տագուչին վստահեցրել է, որ կանի առավելագույնը՝ երկկողմ բարեկամական հարաբերությունների սերտացման և ընդլայնման համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ճապոնական օրակարգի տարբեր հարցերի, արժևորել ամրապնդվող խորհրդարանական կապերը, քննարկել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը, մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդատվությունների անցկացման շուրջ։

Նախարար Նալբանդյանն արտգործնախարարության աջակցությունն է հայտնել Ճապոնիայի նորաբաց դեսպանության գործունեությանը։



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am