Գյումրիում զինվորական շքերթով նշվեց Առաջին հանրապետության տոնը

Armenpress 17:23, 28 Մայիս, 2015

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում նշվեց Հանրապետության տոնը: Գյումրու քաղաքապետարանի և Գյումրիում տեղակայված կայազորի նախաձեռնությամբ օրն իսկական տոնակարտարության  էր վերածվել: «Վարդանանց»  հրապարակում զինվորական շքերթից ու ցուցադրական համարներից հետո, հավաքվածներին ուրախացրին քաղաքապետարանի ենթակայության երգի ու պարի համույթները: Ելույթ ունեցան նաև կայազորի ու Գյումրու քաղաքապետարանի փողային նվագախմբերը:

97 տարի առաջ Սարդարապատում« Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում տեղի ունեցած ճակատամարտերը  հիմք դրեցին հայոց նոր պետականության ստեղծմանը: Այդ հերոսամարտերի արդյունքում հայկական զորքերը կարողացան փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում Անդրկովկասյան Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության փլուզումից հետո Հայկական ազգային խորհրդի կողմից հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը  «Արմենպրես»-ի հետ զրույցում կարևորելով տոնը՝ փաստեց, որ Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում  ու խորհրդանշում է հայի համախմբման ու պայքարի ոգին:

Առաջին Հանրապետության պայքարի ոգին նաև այսօր է հայ զինվորի մեջ՝ վստահեցնում է Գյումրիում տեղակայված հակատանկային զորամասի անձնակազմի դաստիարակչական գծով  տեղակալ, փոխգնդապետ Արմեն Գրիգորյանը: «Այսօրվա խորհուրդը շատ մեծ է: 1918 թվականին մենք կարողացանք ապացուցել, որ հայը կա ու գոյատևելու է: Այսօրվա շքերթը ևս դա է ապացուցում՝ հիշենք ու մոռացության չտանք մեր պատմության փառավոր էջերը»,- նշեց փոխգնդապետը:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am