Գորբաչովի հիմնադրամը կոչ է արել Ռուսաստանին՝ նոր վերակառուցում սկսել
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերակառուցման արժեքները ժամանակակից Ռուսաստանի համատեքստում» զեկույցի հեղինակներն այն կարծիքին են, որ Ռուսաստանը կայուն զարգացման ուղի բռնելու, ինչպես նաեւ «կորսված ժողովրդական այլընտրանքը» վերադարձնելու համար պետք է ձեռնամուխ լինի նոր վերակառուցման: Փաստաթուղթը պատրաստել են Գորբաչով- հիմնադրամի եւ Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի փորձագետները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ Ռուսաստանում անհրաժեշտ է վերականգնել դեմոկրատական ինստիտուտները եւ քաղաքական մրցակցությունը, ազատվել իշխանության անհարկի կենտրոնացումից, ինչպես նաեւ հրաժարվել Արեւմուտքի հետ առճակատումից:
«Ժողովրդավարական արժեքների վրա հիմնված նորմերը, ինստիտուտներն ու ընթացակարգերն անտեսելու բոլոր փորձերը հեռանկարում տանում են համակարգի խորն ապակայունացման»,- ասված է փաստաթղթում:
«Վերակառուցման» քաղաքականությունը ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քրատուղար Միխայիլ Գորբաչովի կողմից գործարկվել է 1987 թվականին: Այդ ծրագրի շրջանակներում խորհրդային առաջնորդը բազմաթիվ բարեփոխումներ սկսեց, որոնք բերեցին շուկայական տնտեսության հայտնվելուն եւ, վերջին հաշվով՝ ԽՍՀՄ-ի փլուզման: