DAAD-ն իննսունից ավելի կրթաթոշակներ տրամադրեց հայաստանցի երիտասարդներին

Armenpress 19:08, 27 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինը տասնյակից ավելի հայ գիտնականներ, բուհերի շրջանավարտներ և ուսանողներ DAAD-ի (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) կրթաթոշակների արժանացան: Գերմանիայի Դաշնային Հանրապետությանում կրթություն ու գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված կրթաթոշակները երիտասարդներին մայիսի  27-ին հանձնեց ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Ռայներ Մորելը:

Դեսպանն ընդգծեց, որ ուրախ է մասնակցել միջոցառմանը: «Նման կրթաթոշակներ տրամադրելը տարվա կիզակետն է: Այս անգամ տարատեսակ կրթաթոշակների մեծ թվաքանակ ունենք: Ընդհանուր առմամբ՝ կրթաթոշակները 92-ն են: Ինձ առանձնահատուկ ուրախացնում է այն հանգամանքը, որ այս անգամ երկու կրթաթոշակ ունենք արվեստագետների համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  հայտնեց Ռայներ Մորելը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանն ընդգծեց, որ իրենք ընտրել են լավագույններին: «Յուրահատուկ պարգև է, եթե հնարավորություն ունես նման կրթաթոշակով տուն վերադառնալ: Մրցակցությունը  ուժեղ է, մենք պարզապես չենք նվիրում կրթաթոշակները»,- հավելեց նա:

DAAD կրթոթոշակակիր Անի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կրթաթոշակի համար դիմել է նախորդ տարի և քննություն է հանձնել: «Օգոստոսի 3-29-ը գնալու եմ Աախեն և այնտեղի համալսարանում լեզվի դասընթացներ եմ անցնելու: Գերմանացիների հետ շփումը լեզուն ավելի լավ իմանալու ամենալավ միջոցը կլինի»,- նշեց նա:

Գերմանիայի Դաշնային Պետության կողմից Գերմանիայում իրենց կրթությունն ու գիտահետազոտական աշխատանքներն իրականացնելու համար Հայաստանին շնորհվել է ավելի քան 90 կրթաթոշակ: Կրթաթոշակների հիմնական մասը շնորհվել է գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար: 15 բուհն ավարտածներ ստացան կրթաթոշակներ՝ իրենց մագիստրոսական կրթությունը Գերմանիայի տարբեր բուհերում իրականացնելու համար: 34 կրթաթոշակ շնորհվեց հայ գիտնականներին, ասպիրանտներին՝ գերմանական տարբեր գիտահետազոտական կենտրոններում իրենց հետազոտություններն համատեղ իրականացնելու համար: 31 կրթաթոշակ շնորհվեց ուսանողներին՝ գերմանական բուհերում ամառային դպրոցներին մասնակցելու համար:10 կրթաթոշակ շնորհվեց միջհամալսարանական համագործակցության շրջանակներում ուսումնական պրակտիկա եւ մագիսիտրոսական կրթություն ստանալու համար:

Անկախացումից ի վեր ավելի քան 2500 հայեր ֆինանսական օժանդակություն են ստացել DAAD-ից` ինչպես գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար, այնպես եւ մագիստրոսկան կրթություն ստանալու նպատակով: 2015-ի սեպտեմբերին DAAD-ն հայ գիտնականներին, բուհավարտներին կներկայանա իր նոր ծրագրերով եւ համագործակցության նոր հեռանկարներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am