ԵՄ-ն կողմնակից է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Թրայան Հրիսթեա

Armenpress 11:36, 26 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցում  է այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

 Այս մասին «Կովկաս 2014» խորագրով գիտաժողովի ընթացքում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իսկապես շատ ցավոտ խնդիր է և մտահոգում է  բոլորիս:  Մենք ցանկանում ենք, որպեսզի այս հակամարտությունը որքան հնարավոր է շուտ կարգավորվի: Եվրոպական Միությունն  աջակցում է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի և հիմնարար սկզբունքնրի հիման վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հրիսթեան:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը հիշեցրեց, որ անցած տարվա ընթացքում հակամարտությունն այնքան էր սրվել, ինչպես երբեք չէր եղել 1994թ. հրադադարի ռեժիմի կնքումից ի վեր:

Նա հույս հայտնեց, որ հակամարտող կողմերը կկարողանան երկխոսության ճանապարհով հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը: Այս առումով դեսպանը կարևորում է հակամարտող կողմերի քաղաքացիական հասարակությունների միջև շփումների հաստատումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am