«Արմեն» ճամբարի քանդման դեմ պայքարողները քայլարշավ են իրականացրել Ստամբուլում
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունից հետո հայ որբերին ապաստան տված «Արմեն» ճամբարի քանդման դեմ պայքարողները Թուրքիայում բողոքի երթ են անցկացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, «Արմեն» ճամբարի քանդման դեմ պայքարողները մայիսի 22-ի երեկոյան Ստամբուլի Պեյօղլու Թունել թաղամասում հավաքվել են և քայլարշավով հասել մինչև Գալաթասարայի հրապարակ` ամբողջությամբ փակելով այն:
Արշավի լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ հարյուրավոր մարդիկ են մասնակցել զորակցության ցույցին: Հավաքի և երթի կազմակերպիչները ելույթներ են ունեցել և կոչ արել ճամբարը անմիջապես և առանց որևէ նախապայմանի վերադարձնել հայերին:
Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն» ճամբար-որբանոցը վերջնական ավերումից փրկելու համար պայքարը շարունակվում է: Օրեր առաջ շենքի վերջնական կործանման դեմ պայքարող հարթակներից մեկը` «Նոր Զարթոնքը», հայտարարություն էր տարածել` նշելով, որ Թուզլայի հայկական որբանոցն անտեր չէ: Ներկայում որբանոցի շենքի քանդումը մասամբ դադարեցված է: Շինության վրա տարբեր պաստառներ են փակցված և գրություններ են արված: