Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ճապոնիա

Armenpress 11:22, 22 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ճապոնիա՝ «Հայկական մշակույթի շաբաթ» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովի աշխատակազմից, պատվիրակության կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

Նախատեսվում են հայ խորհրդարանականների հանդիպումները Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Տացուո Կավաբատայի, Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարար Մինորու Կիուչիի եւ Ճապոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի հետ:

Մայիսի 24-ին խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Տոկիոյում անցկացված «Հայկական մշակութային շաբաթ» խորագրով միջոցառման փակման արարողությանը, որտեղ ԱԺ փոխնախագահը հանդես կգա ելույթով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am