ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդները համատեղ հռչակագիր են ընդունել

Armenpress 22:30, 21 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ընդունվել է համատեղ հռչակագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հռչակագրում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հետ համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Ըստ հռչակագրի՝ ակնկալվում է որքան հնարավոր է շուտ Հայաստանի հետ բանակցություններ սկսել մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ: Հռչակագրում անդրադարձ է կատարվել նաև Երևանում մարտի 16-19 անցկացված «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի արդյունքներին: Նշվել է, որ Եվրանեսթը ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև խորհրդանական համագործակցության կարևոր հարթակ է:

Հռչակագրում ասվում է,  որ ԵԺԿ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը՝  ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքների և սկզբունքների վրա: 

Ըստ փաստաթղթի՝ Արևելյան գործընկերության երկրները պետք է ինքնուրույն  լինեն իրենց ապագան որոշելու հարցում, այդ թվում՝ միջազգային այլ պայմանագրերի միանալու եղանակով՝ առանց արտաքին ճնշման և սպառնալիքների ենթարկվելու: «ԵՄ-ն աջակցում է Արևելյան գործընկերության երկրների ինքնիշխան ընտրությունը իրենց ապագան որոշելու հարցում»,- ասված է հռչակագրում:

Անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայի հակամարտությանը, Բելառուսի, Ադրբեջանի և Մոլդովայի հետ համագործակցության խորացման հետ կապված հարցերի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am