Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը կրկին մերժել է Էրդողանի դեմ ներկայացված հայցը

Armenpress 11:28, 21 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը մերժել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացրած չորրորդ դիմումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

«Ընտրական անվտանգությունը և նախագահի կողմից սահմանադրական կարգը խախտելով կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն իրականացնելու» հիմնավորմամբ քրդական կուսակցության ներկայացրած հայցադիմումը 9 դեմ և միայն մեկ կողմ ձայնով մերժվել է:

Էրդողանի գործողությունները հակասահմանադրական համարած հանձնաժողովի միակ անդամը` Ունալ Դեմիրջին նշել է, որ սահմանադրության համապատասխան դրույթները հռչակում են նախագահի անկողմանակալությունը, հետևաբար տվյալ պաշտոնը ստանձնած անձն իրավունք չունի կոչ անել քվեարկել այս կամ այն կուսակցության օգտին: Չնայած այս հանգամանքին, Դեմիրջին փաստել է, որ Էրդողանը ժողովրդի հետ վերջին հանդիպումների ընթացքում ակնհայտ թիրախավորում է տարբեր կուսակցությունների և այդպիսով փորձում է ազդել ընտրության արդյունքների վրա:

Ավելի վաղ Էրդողանի կողմից նախագահի չեզոքությունը խախտելու վերաբերյալ քրդական կուսակցությունը ներկայացրել էր ևս երեք դիմում, որոնք նույնպես մերժվել էին: Նմանօրինակ դիմումներ ներկայացվել են նաև ընդդիմադիր մյուս կուսակցությունների կողմից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am