Օրենսդրական փոփոխությունը «խոպանչիներին» հարկելու նպատակ չի հետապնդում. Ֆինանսների փոխանախարար

Armenpress 16:02, 6 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկամտահարկի ու շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ առաջարկող նախագիծը նպատակ ունի խթանել ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ֆինանսների փոխանախարար Վախթանգ Միրումյանը:

Ազգային ժողովը մայիսի 5-ին գումարված արտահերթ նիստի ժամանակ քննարկեց «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու, ինչպես նաև «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, իսկ մայիսի 6-ին քվեարկեց ու ընդունեց նախագիծը:

«Մենք ունենք ՀՀ քաղաքացիներ, ովքեր կամա, թե ակամա աշխատում են արտերկրում: Կա աշխատելու երկու տիպի մոտեցում. առաջինը, որ որոշ քաղաքացիներ գնում են և արտերկրում են աշխատում առանց դրսում գրանցվելու և այստեղ գրանցվելու: Կան երկրորդ խմբի քաղաքացիները, ովքեր գնում են արտերկիր, գրանցվում օտարեկրյա կազմակերպություններում և աշխատում: Հենց այդ աշխատողների համար օտարերկյա կազմակերպությունն օտարերկրյա պետությանը վճարում է շահութահարկ, մեր քաղաքացիներից էլ պահում է եկամտահարկ: Հիմա խոսքը նրանում է` ոչ թե հարկել արտագնա աշխատողներին, այլ ստեղծել խթանող հանգամանք, որ դրսի կազմակերպությունների սեփականատերերը շահագրգռված լինեն իրենց կազմակերպությունները գրանցել Հայաստանի Հանրապետությունում: Մենք խթանող գործիք ենք առաջարկում` շահութահարկի դրույքաչափը սահմանելով 5 տոկոս, իսկ եկամտահարկը` 13 տոկոս: Իրենք մեկ է աշխատողներին ձևակերպում են, մենք առաջարկում ենք նրանց ձևակերպել ՀՀ-ում»,-ասաց փոխնախարարը:

Լրագրողները հարց ուղղեցին. «Իսկ Ռուսաստանի հետ հանաձայնեցրել եք», ինչին ի պատասխան, Վախթանգ Միրումյանը նշեց. «Ինչ կարիք կա համաձայնեցնելու, յուրաքանչյուր երկիր գործում է իր իրավապայմանագրային դաշտի սահմաններում: Հայաստանը որևէ սահմանափակում չունի շահութահարկի ու եկամտահարկի ցանկացած դրույքաչափ սահմանելու հարցում: ԵՏՄ անդամակցության պայմանագրով ևս ուղղակի հարկերի մասով դրույքաչափերի ներդաշնակեցման որևէ պարտավորվածություն չկա»: Վախթանգ Միրումյանը նաև ավելացրեց, որ մանրամասն ուսումնասիրել են ԵՏՄ համաձայնագիրը, երկրների միջև կրկնակի հակումը բացառող համաձայնագրերը, այնպես որ այդ մասով մտահոգություններ չկան:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք, չի ստացվում, որ արտագնա աշխատողները հարկային բեռի տակ են ընկնում`փոխնախարարն ասաց. «Սա խոպանչիներին հարկման դաշտ բերել չի, սա աշխատուժը հարկել չի, իսկ մեր քայլերը որևէ կերպ չեն հակասում իրավապայմանագրային դրույթներին»:

Ինչ վերաբերում է հարցին, թե հարկման ինչ մեխանիզմ է գործելու Հայաստանում գրանցված, բայց օտար երկրում շինարարական ու շինմոնտաժային ծառայություններ մատուցող կազմակերպության համար, Վախթանգ Միրումյանը հայտնեց. «Դա ոչ թե վարձու աշխատանքի դիմաց ստացվող եկամուտ է, այլ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ: Եվ յուրաքանչյուր երկրի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի համաձայն` նշյալ եկամուտը հարկվում է տվյալ կազմակերպության ռեզիդենտության երկրում, տվյալ դեպքում` Հայաստանում»:

Հարցին ի պատասխան, թե երկրորդ ընթերցմամբ նախագիծը խորհրդարան բերելիս ինչ շտկումներ կարվեն` Վախթանգ Միրումյանը նշեց. «Կփորձենք շտկել այն բառերը, որոնք միգուցե պատճառ են հանդիսացել տարընկալումների, բայց գլոբալ առումով նախագիծը արտացոլում է այն, ինչ ես ներկայացրեցի»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am