ԼՂՀ-ում ընտրություններն արդար ու մրցակցային էին. ամերիկյան դիտորդներ

Armenpress 12:16, 6 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին հետևած ԱՄՆ դիտորդները տպավորված են ընտրական ողջ գործընթացի պրոֆեսիոնալիզմով ու ընտրողների ներգրավվածությամբ: «ԼՂՀ խորհրդարանական ընտրություններն անցել են թափանցիկ, ազատ, արդար պայմաններում, մրցակցային էին և համապատասխանում էին միջազգային չափանիշներին: Մենք Արցախում անցկացված ընտությունները դիտարկում ենք որպես ժողովրդավարության օրինակ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց ԱՄՆ Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի ընտրությունների կառավարման հետազոտության կենտրոնի տնօրեն Քերին Մաք Դոնալդը:

 ԱՄՆ Կալիֆորնիայի Սանտա Կրուզ շրջանային վարչակազմի աշխատակից Գեյլ Լ.Պելերին հատկապես տպավորել էր ընտրողների մասնակցությունը և ներգրավվածությունը: Ամերիկացի պաշտոնյան վստահեցրեց, որ վերադառնալով Կալիֆորնիաˋ խնդրելու է Սանտա Կրուզի կառավարիչների խորհրդին աջակցել Լեռնային Ղարաբաղի շարունակական ջանքերինˋ ուղղված  որպես անկախ ու ազատ երկիր զարգացմանը: «Այն, ինչ ես տեսա, շատ լավ կազմակերպված և նախապատրաստված էր: Ընտրողները ներգրավված և տեղեկացված էին»,- ասաց նա:

ԱՄՆ Դևիսի համալսարանի մարդու իրավունքների նախաձեռնության անդամ Քրիսթեն Աբաջյանը նշեց, որ իրենք հետևել են նաև Շուշիի բանտում բացված ընտրատեղամասում, որից հետո վերահաստատվել է իրենց եզրահանգումը, որ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը ստեղծել է բոլոր պայմանները ընտրական գործընթացին իր ժողովրդի լիակատար մասնակցությունն ապահովելու համար: «Մեր չորրորդ զեկույցում փորձեցինք մի քանի տեխնիակկան խորհուրդներ ներառել, որոնք կիրառվելու դեպքում կապահովեն ավելի մեծ մասնակցություն բոլոր խմբերի կողմից»,- ասաց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am