Սեյրան Օհանյանն ընդունել է Հայ օգնության միության մի խումբ անդամների

Armenpress 13:39, 5 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 5-ին ընդունել է «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության մի խումբ անդամների՝ միության ԱՄՆ-ի Արևմտյան շրջանի գրասենյակի տնօրեն Ջաստիք Բունիաթյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդես գալով բացման խոսքով և կարևորելով Սփյուռքի հետ կապերի շարունակական ամրապնդումը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ Հայրենիք-Սփյուռք համերաշխությունն ու միասնականությունը և ընդգծել է, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ է մեր երկիրն ուժեղ և անպարտելի, ի զորու հաղթահարելու իր առջև ծառացած մարտահրավերները: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել 2015 թվականին հայ ժողովրդի համար երկու նշանակալի իրադարձությունների՝ Հայոց Մեծ եղեռնի հարյուրերորդ տարելիցին և Հայրենական պատերազմում խորհրդային ժողովուրդների՝ այդ թվում հայերի մասնակցությամբ տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սփյուռքահայ հյուրերին հավաստիացրել է, որ ինչպես տասնյակ տարիներ առաջ է հայկական զինուժը պատվով հանձնել իր առջև դրված քննությունը, այնպես էլ այսօր բարձր մակարդակով է կատարում իր բոլոր խնդիրները՝ արժանի հակահարված հասցնելով հառակորդի ցանկացած ոտնձգությանը:

«Ապրում ենք Հայաստանից հեռու, սակայն սնվում ենք հայրենքիով, ապրում հայերենով ու հայեցի, ուրախանում Հայաստան աշխարհի յուրաքանչյուր ձեքբերումով ու հաջողությամբ»,-այսպես է սկսել իր ելույթը Հայ օգնության միության ԱՄՆ-ի Արևմտյան շրջանի գրասենյակի տնօրեն տիկին Բունիաթյանը, ով պաշտպանության նախարարին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հավաստիացրել է, որ բոլոր սփյուռքահայերի համար առաջնային հարցը հայապահպանությունն է և Հայ օգնության միության ներկայացուցիչները ևս պատրաստ են իրենց ժամանակն ու միջոցները ներդնել ազգային բանակին աջակցելու, հայ զինվորի կողքին գտնվելու համար:

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարը պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին, քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am