Րաֆֆի Գրիգորյանն ու Ալեքսիս Օհանյանը հայկական ստարտափերին համաշխարհային շուկա մտնելու գաղտնիքներ են փոխանցում

Armenpress 10:42, 29 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային հսկաներ` «Թվիթեր» սոցիալական ցանցի նախկին փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանն ու Reddit սոցիալական կայքի համահիմնադիր ու գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանը, հետաքրքիր խորհուրդներ են տալիս հայկական ստարտափերին` ինչպես լինել հաջողակ ու ինչպես դուրս գալ համաշխարհային շուկաներ:  

«Թվիթեր» սոցիալական ցանցի նախկին փոխնախագահ, այժմ ամերիկյան Uber ընկերության ինժեներական բաժնի ղեկավար Րաֆֆի Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանում լավ հնարավորություններ կան տեխնոլոգիական ոլորտի առաջադեմ գաղափարների ու սկսնակ ընկերությունների համար: Նրա կարծիքով` բացը միայն կազմակերպչական հմտությունների մեջ է, որը կարելի է հարթել արդեն կայացած մասնագետների հետ հանդիպումների միջոցով: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացած HIVE ինժեներական համաժողովի ժամանակ, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցերին, Րաֆֆի Գրիգորյանը նշեց, որ բաց է նոր գաղափարների ու հրաշալի մտահղացումների համար: Հարցին ի պատասխան, թե արդյոք, նա պատրաստվում է աջակցել հայկական որևէ սկսնակ ընկերության, նա պատասխանեց. «Ես նման մի բան արել եմ նաև անցած տարի, երբ դասախոսություն կարդացի: Իմ կարծիքով այսպես է ստեղծվում արտադրանքը, այսպես են ստեղծվում թիմերը: Ես իսկապես կարծում եմ, որ իրական հնարավորություն կա մեզ համար այս երկրում: Մենք անհավանական խելացի ենք և պետք է օգտագործենք այս հնարավորությունը: Միակ բանը, որ բացակայում է, կազմակերպչական կողմն է. ինչպե՞ս դա կազմակերպել, առաջնորդել, ինչպե՞ս մոտենալ այդ հարցին: Ուստի ես հույս ունեմ, որ նման միջոցառումների միջոցով, դրանց պարբերական բնույթ տալով` մենք կկարողանանք փոխել մեր մտածելակերպը` որոշ ձևով մուտք գործելով համաշխարհային համացանցային տնտեսություն»:

Րաֆֆի Գրիգորյանը նշեց, որ խորհրդատու է Հայաստանում գործող «Գրանատուս» վենչուրային հիմնադրամում, ինչպես նաև ներդրումներ է կատարել HIVE-ում, որը հայկական և արտասահմանյան ընկերությունները կապող ցանց է, այն մենթորային և ֆինանսական աջակցություն է ցուցաբերում հայկական սկսնակ ընկերություններին:

«Ցանկացած հայ` լինի Լոս Անջելեսում, Լոնդոնում, թե Հայաստանում, եթե դիմի ինձ, ես ավելի արագ կարձագանքեմ, քան մյուսներին: Ուստի, եթե հայեր կան, ովքեր ցանկանում են իրենց գաղափարներով կիսվել, թող գրեն իմ էլեկտրոնային փոստին»,-ասաց Րաֆֆի Գրիգորյանը:

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանն ու հայ մասնագետները ինչով կարող են գրավիչ լինել համաշխարհային տեխնոլոգիական շուկայում` մասնագետը նշեց. «Անկեղծ ասած, այսօր աշխարհին հետաքրքիր է ամեն ինչ: Ներկայում հատկապես թեժ հետաքրքրություն կա հաղորդագրություններին (messaging), սոցիալական համայնքներին առնչվող հարթակում: Իրականում այնքան էլ կարևոր չէ, թե այդ ամենը որտեղ է ստեղծվել, կարևոր է, թե ինչպես դա հասցնել սպառողին և թե որտեղ է այդ սպառողը գտնվում: Օրինակ, եթե ես լինեի Հայաստանում արտադրություն ծավալող մարդկանցից, ես հավանաբար կկենտրոնանայի Եվրոպայի կամ Մերձավոր Արևելքի վրա: Պետք է սպառողական շուկան կառուցել այնտեղ, որտեղ ավելի հեշտ է, անգամ եթե դա երկրի սահմաններից դուրս է»:

Աշխարհի 27 կայքերի ցանկում հայտնված Reddit սոցիալական կայքի համահիմնադիր ու գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանը ևս կցանկանար աջակցել հայկական սկսնակ ընկերություններին: «Այս հարցը պետք է տրվի իմ իրավաբանին: Ես չգիտեմ, թե իրավական և հարկային առումով  ինչ է անհրաժեշտ հայկական ընկերությունում ներդրումներ կատարելու համար: Բայց ես կցանկանայի ուղի գտնել աջակցելու սկսնակներին և հայկական ընկերություններին»,-նշեց նա` ի պատասխան մեր հարցադրմանը:

Անդրադառնալով հայ երիտասարդ մասնագետների ներուժին և համաշխարհային շուկայում նրանց գրավչության բարձրացմանը` Ալեքսիս Օհանյանը կարևորեց շատ աշխատանքն ու նաև «բախտը»:

Լուսանկարը`tumo.org



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am