ԱՄՆ կրթական հեղինակավոր մրցանակն առաջին անգամ շնորհվել է հայ գիտնականի

Armenpress 15:28, 28 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայի Նորդրիջ պետական համալսարանի քիմիայի պրոֆեսոր Գագիկ Մելիքյանը դարձել է առաջին հայ գիտնականը, ով արժանացել է Քենեդի կենտրոնի Սթեֆան Սոնդհեյմի անվան «Ոգեշնչող ուսուցիչ» մրցանակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամենամյա մրցանակը շնորհվում է այն մանկավարժներին, որոնք շրջադարձային ազդեցություն են ունեցել ուսանողների կյանքում և մեծ ներդրում` ուսուցման ոլորտում:  

 Խորհրդանշական է, որ դոկտոր Մելիքյանը, ով Հայոց ցեղասպանության վերապրածների որդի է, այս մրցանակն ստացել է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցից ընդամենը մի քանի շաբաթ առաջ: «Սա իմ անձնական պատասխանն է նրանց, ովքեր փորձել են ջնջել մեզ երկրի երեսից, ինչը, սակայն,  նրանց չի հաջողվել», - ասել է Մելիքյանը: 

Պրոֆեսոր Մելիքյանը նաև մի շարք այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, ինչպիսիք են «Ժերոմ Ռիչֆիլդ» ակադեմիական և Ֆակուլտետի գերազանցության մրցանակները: Վերջինը համալսարանի կողմից տրվող ամենաբարձր մրցանակն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am