Հայաստանի կապիտալի շուկան դեռ այն մակարդակում չէ, որ ցանկանում ենք տեսնել. Կոստանտին Սարոյան

Armenpress 13:02, 28 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կապիտալի շուկան նոր մակարդակի բարձրացնելու համար  կարիք կա ինչպես որակյալ մասնագետների, այնպես էլ կառուցվածքային փոփոխությունների: Այս խնդիրների լուծման ճանապարհին առաջին քայլն արվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, որտեղ կազմակերպվել էր ուսանողական գիտաժողով` նվիրված ՀՀ կապիտալի շուկայի հիմնախնդիրներին և զարգացման հեռանկարներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` գիտաժողովը կազմակերպվել էր «Նասդաք Արմենիա» ֆոնդային բորսայի  հետ համատեղ: Բորսայի գլխավոր տնօրեն Կոստանտին Սարոյանի խոսքով` Հայաստանի կապիտալի շուկան դեռ այն մակարդակում չէ, որ ցանկանում են տեսնել, հետևաբար փորձելու են որակյալ մասնագետների ներգրավմամբ բարձրանալ նոր մակարդակի: «Երբ  ունենանք արդյունավետ կապիտալի շուկա, փողն էլ ազատ կհոսի գումար ունեցողից դեպի դրա կարիքն ունեցողը: Մյուս կողմից, շուկայական հարաբերություններն ավելի արտահայտիչ են հենց կապիտալի շուկայում, և այնտեղ եղած մեխանիզմներն էլ դրված են շուկայական հարաբերությունների հիմքում, հետևաբար կարևոր է, որ ունենանք զարգացած կապիտալի շուկա»,- ասաց Սարոյանը:

Ուսանողներին ավելի շահագրգռելու և թեմայի ուսումնասիրություններին ներգրավելու համար գիտաժողովը կազմակերպվել էր մրցութային կարգով: Մրցանակներ էին սահմանվել 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար:  Յուրաքանչյուր զեկուցողի ելույթից հետո մասնագիտացված ժյուրին գնահատելու է զեկուցումը, և գիտաժողովի ավարտին որոշվելու են հաղթողները:

ՀՊՏՀ «Ֆինանսներ» ամբիոնի վարիչ Աշոտ Սալնազարյանն էլ հայտնեց, որ լավագույն վերլուծություններ կատարած ուսանողները հնարավորութուն կունենան աշխատանքի անցնել «Նասդաք Արմենիա» ֆոնդային բորսայում: «Կարծում եմ` սա լավ հնարավորություն է մեր ուսանողների համար`աշխատել մասնագիտությամբ և պրակտիկայի ընթացքում զարգացնել գիտելիքները: Այսօր արժեթղթերի շուկայի մասնագետներ պատրատվում են միայն ՀՊՏՀ-ում, հետևաբար սա կարևոր քայլ է` նրանց գործնական գիտելիքների դաշտ ներգրավելու ուղղությամբ»,- ասաց նա:

Գիտաժողովն անցկացվում է ապրիլի 28-29-ը: Դրան մասնակցում են շուրջ 2 տասնյակ ուանողներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am