«Բաց դաս»-ի շրջանակներում ԱԺ են այցելել Ջերմուկի ավագ դպրոցի աշակերտները

Armenpress 16:53, 27 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 27-ին Ազգային ժողով են այցելել Ջերմուկի ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ եւ ուսուցիչներ: Բաց դասը վարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պարոն Դավթյանը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը եւ գործունեությունը, անդրադարձել Աժ մշտական հանձնաժողովների գործառույթներին:

Այնուհետեւ Արտակ Դավթյանը սիրով պատասխանել է բարձր դասարանցիների հարցերին, որոնք վերաբերել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հայ-թուրքական հարաբերություններին, Արեւմտյան Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանմանը, կրթական ոլորտում սպասվող առաջիկա փոփոխություններին:

Հանդիպման ավարտին աշակերտները լուսանկարվել են ԱԺ լիագումար նիստերի դահլիճում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am