Տիգրան Համասյանն իր «Լոյս ի լուսոյ»-ը կտանի նաև Թուրքիա

Armenpress 17:16, 25 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի «Լոյս ի լուսոյ» խորագիրը կրող համերգաշարի հաջորդ համերգը կանցկացվի Մոկվայում: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ապրիլի 25-ին անցկացված ասուլիսի ընթացքում երաժիշտը նշեց, որ ապրիլի 29-ին համերգ տեղի կունենա Մոսկվայի նորաբաց հայկական եկեղեցում:

«Լոյս ի լուսոյ»-ը կներկայացվի նաև Թուրքիայում, բայց հիմա հստակ չեմ կարող նշել այն քաղաքները, որտեղ համերգ կլինի: Միայն կարող եմ նշել, որ Ստամբուլում ելույթ կունենանք բյուզանդական եկեղեցում և կներկայացնենք հայ հոգևոր երաժշտությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնեց նա:

Համերգաշարը նվիրված է Հայոց ցեղասպանության տարելիցին: «Լոյս ի լուսոյ» համերգային ծրագիրը ներառում է բացառապես հոգևոր երգեր, որոնք դեռ պատանի տարիքում գերել էին 13-14 տարեկան ապագա երաժշտին: Համերգին հայ հոգևոր երաժշտությունը հնչում է նոր մեկնաբանությամբ: «Լոյս ի լուսոյ» համերգաշարը դեկտեմբերին կեզրափակվի ԱՄՆ-ում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am