Թուրքական սպառնալիքը մշտապես զգացվում է Քեսաբում. Կարո Մանճիկյան

Armenpress 18:44, 21 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական սպառնալիքն առկա է ամեն օր, այն օրից, երբ մենք Քեսաբ վերադարձանք: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Սիրիահայության շտապ օգնության և վերականգնման Քեսաբի գործադիր մարմնի անդամ և Քեսաբի հայ համայնքի մամուլի խոսնակ Կարո Մանճիկյանն՝ ավելացնելով, որ Էրդողանի վարչակարգն իր դավադրությամբ իրենց համար մշտապես սպառնալիք կհամարվի այնքան ժամանակ, մինչև նրանք բացահայտ հայտարարեն, որ Սիրիայում և նաև Քեսաբում վերջ են դնում ոտնձգություններին:

«Անցնող տասն օրերի ընթացքում Քեսաբի վարչական սահմաններից հեռու, «Լեղի ջուր» կոչվող վայրի և այլ զինակետերի ուղղությամբ ահաբեկչական խմբավորումները թափանցելու փորձ են արել, սակայն սիրիական հերոսական բանակը հետ է շպտել նրանց»,- նշեց Մանճիկյանը` նկատելով, որ Թուրքիայի դավադիր ու անվստահելի հարևան է: «Սակայն մենք ապրում ու դիմանում ենք»,- նշեց նա:

Քեսաբի վրա ուղղված սպառնալիքը Մանճիկյանը համեմատեց Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի վրա ուղղված սպառնալիքի հետ՝ նշելով. «Արցախցին ճիշտ մեզ նման մեկ աչքը փակ, իսկ մյուսը բաց կմնա, սակայն շարունակում ենք անվախորեն ապրել: Մենք զգաստ, զգույշ ու արթուն ցանկանում ենք ապրել Քեսաբում»: Ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրեին Քեսաբում իրավիճակը լարվել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am