Հայաստանում Ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոնները կազմակերպում են Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ

Armenpress 18:19, 19 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործող Ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոնն ապրիլի 20-ին նախատեսում է իր սաների, դասախոսների մասնակցությամբ երթ կազմակերպել դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ տեղի կունենա ծաղկադրման արարողություն, ինչպես նաեւ ռուսաց լեզվի բաց դաս` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոնի ղեկավար Լուիզա Գումրոյանը նշեց, որ իրենք նախատեսում են ապրիլի 21-ին, 22-ին եւ 23-ին  Երեւանում, Գյումրիում եւ Արտաշատում գործող «Ռուսական գրքի տուն» մշակութային կենտրոններում կազմակերպել ֆիլմի դիտումներ, ռուսերենով իրականացնել դրանց քննարկումները: Կներկայացվեն նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ռուս եւ արտասահմանյան գրողների գործերը:

Ապրիլի 23-ին Արտաշատում գործող կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա նաեւ երթ եւ ծաղկադրման արարողություն: «Շատ ենք կարեւորում այս օրերին նաեւ մեր ընդհանուր մասնակցությունը երթի եւ միջոցառումների տեսքով: Սա շատ լավ առիթ է փոքր հասակից երեխաներին մասնակիցը դարձնել այս թեմաներով քննարկումներին ու շփումներին հատկապես ռուսերենով, քանի որ մենք ուսուցանում ենք ռուսաց լեզու»,-ընդգծեց նա:

Ռուսաց լեզվի եւ մշակույթի` մարզերում գործող կենտրոններում իրականացվում են ռուսաց լեզվի անվճար դասընթացներ վեց տարին լրացած բոլոր ցանկացողների համար, ուսուցանվում է խոսքի զարգացում, կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ: Դասընթացներում ընդգրկված են լրագրողներ, բժիշկներ, դպրոցներում այլ առարկաներ դասավանդող ուսուցիչներ, եւ այլ մասնագետներ, որոնք ցանկանում են կատարելագործել իրենց մասնագիտական ռուսերենը: Դասավանդող մասնագետները վերապատրաստված եւ դիպլոմավորված ուսուցիչներ եւ դասախոսներ են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am