ԼՂՀ ֆինանսների փոխնախարարը պարզաբանել է ՀՀ-ից ստացած 20 մլն դոլար վարկի նպատակները

Armenpress 19:40, 18 Ապրիլ, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաշվի առնելով մամուլում տեղ գտած հրապարակումներն ու մեկնաբանությունները ՀՀ կառավարության կողմից Արցախի Հանրապետության կառավարությանը 20 մլն դոլար բյուջետային վարկ տրամադրելու վերաբերյալ` հարցը մեկնաբանել է ԼՂՀ ֆինանսների փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Արցախպրես»-ը, փոխնախարարի պարզաբանմամբ՝ ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԼՂՀ կառավարությանը 20 մլն ԱՄՆ դոլարի չափով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով բյուջետային վարկը տրամադրվում է լրացուցիչ, և որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող ամենամյա միջպետական վարկի հետ, որն ընթացիկ տարում նախատեսված է 45.5 մլրդ դրամ, և ԼՂՀ-ն այն շարունակում է ստանալ սահմանված կարգով և ժամկետներում:

«Ի դեպ, նշյալ ամենամյա միջպետական վարկի որոշակի մասը, ըստ էության, անուղղակիորեն փոխհատուցում է ԼՂՀ տնտեսվարող սուբյեկտների կողմից ՀՀ մաքսային սահմանին վճարված հարկերն ու մաքսատուրքերը:

ԼՂՀ կառավարության կողմից ստացված` 8 տոկոս տոկոսադրույքով բյուջետային վարկը նախատեսվում է ուղղել տնտեսական և հիփոթեքային ծրագրերի իրագործմանը»,- ասաց Գ. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ մասնավորապես, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության», «Արցախի ներդրումային» և նորաստեղծ «Արցախի սոցիալական ծրագրերի» հիմնադրամներն իրականացնում են բազմաթիվ ծրագրեր` ուղղված գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցությանն ու հիփոթեքային վարկավորման սուբսիդավորմանը, որոնց գումարները ներգրավվում են բանկային ռեսուրսներից՝ շատ ավելի բարձր տոկոսներով, իսկ կառավարությունը մասնակի սուբսիդավորում է այդ վարկերի սպասարկումը:

«Այսպիսով` հիշատակված բյուջետային վարկը շահավետ այլընտրանք է հանդիսանում բարձր շուկայական տոկոսադրույքներով բանկային միջոցներին, և ուղղվելու է այդ ծրագրերի ֆինանսավորմանը: Հետևաբար, միայն կարելի է ողջունել այն փաստը, որ պետական բյուջեից ավելի քիչ միջոցներ կուղղվեն տոկոսների սուբսիդավորմանը:

Ինչ վերաբերում է պետական բյուջեից վճարվող աշխատավարձերին, թոշակներին ու այլ սոցիալական վճարներին` կարող ենք փաստել, որ պետական բյուջեով նախատեսված եկամտային ու ծախսային հոդվածներն այս պահին կատարվում են ըստ նախատեսված ժամանակացույցի և ծավալների»,- խոսքը եզրափակեց ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am