Երևանյան բեսթսելեր 3/8. Վարկանիշային աղյուսակում նոր գրքեր են հայտնվել
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ինքնակենսագրական «Մայրիկ» գիրքը: Այն հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը՝ դրանով իսկ նվաճելով վերապրելու իրենց իրավունքը:
Գրիգոր Նարեկացու` «Զանգակ» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության.Տաղեր» ժողովածուն երկրորդ հորիզոնականում է:
Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի վերահրատարակությամբ, երրորդ հորիզոնականում է: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
Խուլիո Կորտասարի «Այստեղ և հիմա» ժողովածուն չորրորդն է: Կորտասարը մահվանից ոչ շատ առաջ անձամբ է կազմել այս շարքը՝ ներառելով տարբեր տարիներին գրված պատմվածքներ՝ ըստ թեմատիկ ընդհանրության: Մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարի ակտիվ մասնակիցը լինելով՝ Կորտասարը չէր կարող անտարբեր մնալ Արգենտինայում իշխող բռնատիրության (1976-1983) և առհասարակ բռնության հանդեպ: Այն առաջին անգամ է ընդգրկվում ցանկում:
Նարեկացու` «Նաիրի» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն էլ հինգերորդ հորիզոնականում է:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, վեցերորդ հորիզոնականում է: Այն վերահրատարակել է «Բուկինիստ» հրատարակչությունը:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցները ամփոփող ժողովածուն յոթերորդ հորիզոնականում է: Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ»–ն ամփոփող ժողովածուն ութերորդ հորիզոնականում է:
Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: «Մանդիլիոն» գիրքն այս շաբաթ իններորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:
Բեսթսելերը եզրափակում է Արտավազդ Եղիազարյանի «Քաղաքը լուսնի տակ» գիրքը: Արտավազդ Եղիազարյանի ձեռագրի հատկանշական կողմն արտաքուստ թեթև ու անչար հումորն է: Բայց այդ հումորը, համադրվելով սուր դիտողականության ու պատումի անսեթևեթ ոճի հետ՝ օգնում է գրողին ստեղծել կոլորիտային կերպարներ և նրանց միջոցով վեր հանել մեր իրականության պատկերը: Ընդ որում՝ նրա պատմվածքներին բնորոշ ինքնահեգնանքը չի խանգարում բարձրացնել նաև հասարակական-քաղաքական կարևոր հարցադրումներ: Այն առաջին անգամ է ընդգրկվում ցանկում:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ 1 +2Անրի Վեռնոյ
«Մայրիկ»
Ար Էդիթ 36 2 *Գրիգոր Նարեկացի
«Մատյան ողբերգության.Տաղեր»
Զանգակ 19 3 -2Անտուան դը Սենտ Էկզյուպերի
«Փոքրիկ իշխանը»
Անտարես 19 4 նորԽուլիո Կորտասարի
«Այստեղ և հիմա»
Անտարես 19 5 *Գրիգոր Նարեկացի
«Մատյան ողբերգության»
Նաիրի 18 6 +3Գաբրիել Գարսիա Մարկեսի
«100 տարվա մենություն»
Բուկինիստ 13 7 +1Գաբրիել Գարսիա Մարկեսի
«Նահապետի աշունը»
Բուկինիստ 11 8 *Ֆյոդոր Դոստոևսկու
«Պատմվածքներ»
Բուկինիստ 10 9 -4Վահան Հովհաննիսյան
«Մանդիլիոն»
Անտարես 10 10 նորԱրտավազդ Եղիազարյանի
«Քաղաքը լուսնի տակ»
Անտարես 8Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
- «Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մարտ,
2024
- Հայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության
նախարարին
- «Երևանյան բեսթսելեր»․ «Ջունգլիների գիրքը» ՝ առաջատար. մանկական.
փետրվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն ՝ առաջատար.
փաստավավերագրական, հունվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Բվիկ Բուուի արկածները» ՝ առաջատար. մանկական.
հունվար, 2024