Հայաստանը շահագրգռված է խորացնելու համագործակցությունը ԵԶԲ-ի հետ. ՀՀ Նախագահ

Armenpress 14:33, 15 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 15-ին, ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում, շնորհավորել նրան Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պարոն Պանկինի փորձն ու գիտելիքները նոր խթան կհաղորդեն բանկի զարգացմանը: Նախագահը բարձր է գնահատել բանկի գործունեությունը Հայաստանում և ընդգծել, որ մեր երկիրը շահագրգռված է խորացնելու համագործակցությունը ԵԶԲ հետ՝ քննարկելով Հայաստանի համար առաջնահերթ և հեռանկարային ծրագրերի իրագործմանը բանկի ներգրավվածության հնարավորությունները:

ՀՀ Նախագահը և ԵԶԲ վարչության նախագահը երկուստեք նշել են, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր հեռանկարներ և բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստան-ԵԶԲ փոխգործակցությունը զարգացնելու համար:

Դմիտրի Պանկինը գոհունակությամբ է խոսել Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (տրանշ 4) նախագծի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման վերաբերյալ, որի մասին համաձայնագիրը երեկ ստորագրվել է ՀՀ կառավարությունում: Նա նշել է, որ բանկը հետաքրքրված է ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, գյուղատնտեսության, լեռնահանքային արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում Հայաստանում ծրագրերի իրագործմամբ և ուրախ է, որ այդ ոլորտները նաև Հայաստանի տնտեսության առաջնահերթությունների շարքում են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am