Տիգրան Մարտիրոսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Armenpress 21:27, 14 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը երրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացել էր երկու մարզիկով` Տիգրան Մարտիրոսյան և Անդրանիկ Կարապետյան: Պոկում վարժությունում Մարտիրոսյանը գլխավերևում պահեց 160 կգ՝ այդ կերպ նվաճելով փոքր արծաթե մեդալը, իսկ հրումում` 191 կգ: Երկամարտի 351 արդյունքով Մարտիրոսյանն անգերազանցելի էր: 

Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրեց 164 կգ՝ նվաճելով փոքր ոսկին: Հրում վարժությունում նա բարձրացրեց 186 կգ, իսկ երկամարտի 350 կգ արդյունքով նա երրորդն էր: 

Նախօրեին տղամարդկսանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը (56 կգ) դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Մարգարյանը պոկեց՝ 113 կգ, իսկ հրում վարժությունում բարձրացրեց 146 կգ և երկամարտի 259 կգ արդյունքով հայ ծանրամարտիկը դարձավ Եվրոպայի 2015 թվականի առաջնության փոխչեմպիոն: Ապրիլի 16-ին և 18-ին իրենց կդրսևորեն հաջորդաբար Աղասի Աղասյանը (85 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am