Պորոշենկոն եւ Մերկելը քննարկել են Դոնբասի իրադրությունը

Armenpress 10:05, 1 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Դոնբասի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Ուկրաինայի ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

«Պորոշենկոն եւ Մերկելն արտահայտվեցին առաջիկա օրերին «նորմանդական քառյակի» արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու օգտին՝ քննարկելու համար Մինսկի համաձայնությունների կատարման ուղղությամբ հետագա առաջընթացի եւ Դոնբաս խաղաղապահ առաքելություն մտցնելու հրատապ հարցերը»,- հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը:

«Զրուցակիցները նաեւ հույս հայտնեցին, որ եռակողմ շփման խմբի նիստի անցկացումը թույլ կտա կատարել Մինսկի պայմանավորվածությունների իրագործման հերթական քայլերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, Կիեւը քանիցս հանդես է եկել Ուկրաինայի արեւելքում միջազգային խաղաղապահների տեղաբաշխման օգտին: Ինքնահռչակ «ժողովրդական հանրապետությունները» համաձայն են միայն ռուս խաղաղապահներ տեղակայելուն:

Լուսանկարը` ЕРА



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am