Խարբերդի մանկատան 180 սաները կտեղափոխվեն Խնամքի հաստատություն

Armenpress 19:28, 31 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում նախատեսվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունը վերանվանել մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատության: Միաժամանակ, 2015-2016թթ. ընթացքում ստեղծվող խնամքի հաստատություն կտեղափոխվեն Խարբերդի մասնագիտացված մանկատան 18 տարին լրացած 180 սաները`  համապատասխան թվով աշխատակազմի հետ միասին: Նույն չափով կնվազեցվեն Խարբերդի մասնագիտացված մանկատան խնամվողների և աշխատողների թվաքանակները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության ապրիլի 2-ի նիստի օրակարգում:

Միաժամանակ աշխատանքներ են տարվելու գիշերօթիկ հաստատությունում ներկա դրությամբ բնակվող երեխաների ընտանիքների հետ, ինչպես նաև կատարվելու է երեխաների կարիքների գնահատում, արդյունքում` երեխաների գնահատված կարիքներին համապատասխան նրանք կտեղավորվեն այլ հաստատություններում  կամ կվերադառնան իրենց կենսաբանական ընտանիքներ:

Խարբերդի մասնագիտացված մանկատնից չափահաս դարձած սաների տեղափոխությունը ևս կիրականացվի նրանց կարիքների գնահատման և ընտանիքների ուսումնասիրության հիման վրա:

Ստեղծվող Խնամքի հաստատությունում խնամվողները ապահովվելու են կացարանով, անկողնային և անձնական սպիտակեղենով, հագուստով, կոշկեղենով, օրը երեք անգամյա սննդով, համապատասխան տնտեսական և հիգիենիկ պարագաներով, էրգոթերապիայի /աշխատանքային թերապիա/ և արտթերապիայի /արվեստի թերապիա/ համար անհրաժեշտ պարագաներով և նյութերով, ինչպես նաև կենսապահովման համար անհրաժեշտ գույքով և սարքավորումներով: Համապատասխան մասնագետների միջոցով նրանց կտրամադրվեն բժշկական օգնության և սպասարկման, սոցիալ-հոգեբանական և իրավաբանական խորհրդատվության ծառայություններ: Խնամվողները կկարողանան ազատ հանդիպել իրենց հարազատների և ընկերների հետ: Նրանց համար կկազմակերպվեն բազմաբնույթ միջոցառումներ: Խնամքի տանը կլինի նաև սոցիալական սպասարկողի և մասնագիտացված բուժքրոջ շուրջօրյա հերթապահություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am