Իրաքյան ուժերը Թիքրիթում վերահսկողում են մարզպետարանի շենքը

Armenpress 13:44, 31 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան ուժերն ազգային կամավորական ջոկատների հետ վերահսկողում են Թիքրիթում մարզպետարանի շենքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իրաքյան ուժերը, բացի այդ, իրենց հակակշռի տակ են առել քաղաքում մի քանի պետական շինություններ:

Ոստիկանության տեղեկացմամբ, Իրաքի դրոշը բարձրացվել է մարզպետարանի շենքի վրա: Բախումների հետևանքով ԻՊ-ի 40 ահաբեկիչ են սպանվել:

Սալահ ադ Դին մարզում ռազմական ուժերի մամուլի խոսնակ Մուհամմադ ալ Բայդանին նշել է, որ անվտանգության ուժերը շուրջ 300 պայթուցիկ սարքավորում են հայտնաբերել:

Լիբանանյան «Ալ Մայադին» գործակալության տեղեկացմամբ, իրաքյան Թիքրիթ քաղաքում մարտի 31-ին չորս պայթուցիկ սարքավորման պայթյունից զոհվել են ինը, վիրավորվել՝ երեք մարդ: Իրաքյան ուժերը վերսկսել են Թիքրիթ քաղաքի ազատագրման գործողությունները:

Աղբյուրի տեղեկացմամբ, Բաղդադի հյուսիսում մահապարտ-ահաբեկիչ է ինքնահրկիզվել, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել:

Թիքրիթի ազատագրման համար ռազմական գործողությունները սկսվել են մարտի 2-ին: ԻՊ-ի ահաբեկիչները նախորդ օրերին փորձել են նեխուժել քաղաք, սակայն չի հաջողվել:

Միջազգային դաշինը յոթ օդային հարված է հասցրել Իրաքում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Հարվածներն ուղղվել են Մոսուլ, Սինջար, Թելաֆար քաղաքներին:

ԱՄՆ-ի գլխավորությամբ Իրաքում ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունները սկսվել են օգոստոսի 8-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am