Կարինե Մինասյանն Աստանայի հանդիպումը ԵՏՄ պաշտոնական հանդիպման հետ չշփոթելու կոչ է անում

Armenpress 19:13, 30 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության անդամ երեք պետությունների ղեկավարների հանդիպումը դեռևս միության պաշտոնական հանդիպում չէ, և պետք չէ դրանք շփոթել միմյանց հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԵՏՀ կոլեգիայի անդամ, հայաստանյան կողմի ներկայացուցիչ Կարինե Մինասյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու Հայաստանը չի մասնակցել Եվրասիական տնտեսական միության անդամ երեք պետությունների ղեկավարների մարտի 20-ին Աստանայում կայացած հանդիպմանը:

«Մենք չպետք է շփոթենք տարբեր ձևաչափերի հանդիպումները: Երբ խոսում ենք ԵՏՄ պաշտոնական  հանդիպումների և որոշումների կայացման մասին, ապա այդ որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ երբ 3 երկրների նախագահները, պահպանելով միության նախկին ձևաչափը, հանդիպում են և քննարկում իրենց երկրներին վերաբերող խնդիրներ, դա իրենց որոշելիք հարցն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պարզաբանեց Մինասյանը:

Խոսելով այն հարցի շուրջ, որ ԵՏՄ տարածքում կարող է ձևավորվել միասնական արժույթ` Կարինե Մինասյանը հիշեցրեց, որ պայմանագրում նշված է 2025 թվականը` որպես նման արժույթի ստեղծման ժամանակահատված: «Դեռևս շուտ է խոսել միասնական արժույթի ներդրման մասին, մենք դեռ պետք է խորացնենք մեր տնտեսական կապերը, լուծենք ֆինանսական համակարգի հարցերը: Միասնական արժույթի համար դեռ պետք է ձևավորվի միասնական վճարահաշվարկային համակարգ, իսկ Կենտրոնական բանկերը պայմանավորվեն ֆինանսական մեխանիզմեների մասին»,- ասաց նա:

Մարտի 20-ին Աստանայում կայացել է Ռուաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հետաձգված հանդիպումը:  Քննարկվել են ԵՏՄ-ին վերաբերող հարցեր, այդ թվում, միասնական արժույթի ստեղծման հեռանկարները: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ժամանակն է, որպեսզի Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ձեռնամուխ լինեն արժութային միության ստեղծման մասին բանակցություններին: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am