Ադրբեջանում հայ գերու նկատմամբ ցուցադրական դատ են սկսել, իսկ հակառակորդի կողմն անցած զինծառայողին «նկարիչ» են դարձրել

Armenpress 18:22, 30 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ցուցադրական դատ են սկսել 2014 թվականի դեկտեմբերի 26-ին անհայտ հանգամանքներում գերեվարված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Էդուարդի Բաղդասարյանի նկատմամբ: Ադրբեջանի ռազմական դատախազությունը կեղծ մեղադրանքներով քրեական գործ է հարուցել Բաղդասարյանի դեմ, ով գերեվարման պահին որպես կարգապահական տույժ ժամանակավորապես հեռացված է եղել ԼՂՀ ՊԲ շարքերից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական մամուլը, քրեական գործը քննում է Գայնջայի (Գանձակ) ծանր հանցագործությունների դատարանը` դատավոր Էլբեյ Ալլահվերդիեւի գլխավորությմաբ: Նախնական դատը պետք է կայանա ապրիլի 7-ին:

Ադրբեջանի ռազմական դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԼՂՀ ՊԲ նախկին զինծառայողի դեմ, ում դատախազությունը ներկայացրել է որպես «հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ, գործող զինծառայող», քրեական գործը հարուցվել է «հանցագործ խմբավորման-կազմակերպությանը մասնակից լինելու», «կազմակերպված հանցագործ խմբի կողմից կանխամտածված մարդ սպանելու ջանքի», «ազգային, ռասայական, կրոնական, ատելության կամ թշնամական նպատակով միտումնավոր մարդ սպանելու ջանքի», «սադրիչ, այսինքն` կազմակերպված խմբի կողմից Ադրբեջանի Հանրապետության պաշտպանունակությունն ու տնտեսական անվտանգությունը թուլացնելու նպատակով պետական, հասարակական հաստատությունները, ճանապարհները, կապի միջոցները վերացնելու կամ վնասելու համար պայթյուններ, հրդեհներ եւ այլ գործողություններ իրագործելու ջանքի» կեղծ մեղադրանքներով:

Ադրբեջանի ռազմական դատախազությունը Արսեն Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործը «հիմնավորել» է նրանով, որ նա, 2014 թվականի դեկտեմբերի 26-ին ժամը 15-ին մոտ, իբր, «գաղտնի կերպով» հատել է Մարտակերտի շրջանում զորքերի շփման գիծը, եւ Ադրբեջանի ԶՈւ պաշտպանական դիրքերում իր հետ բերած «ֆուգաս» տեսակի 7 ականներց երեքը տեղադրելուց հետո հետ վերադառնալու ժամանակ բռնվել է Ադրբեջանի ԶՈւ «աչալուրջ» զինծառայողների կողմից, իսկ նրա տեղադրած ականները «վնասազերծվել» են:

Ծիծաղելիորեն անտրամաբանական եւ անգրագետ կազմված այդ «մեղադրականում» նշվում է նաեւ, որ գործով տարվող քննությամբ «միջադեպի վայրում, Բաղդասարյանի մոտից առգրավված դանակի եւ այլ առարկաների, հողում թաղված ականներից մեկի, ինչպես նաեւ երկու ականների պայթեցվելով վնասազերծվելու վայրում զննում է անցկացվել, կատարվել է դատաբժշկական, դատական հոգեբուժական եւ հոգեբանական, պայթուցիկ տեխնիկայի համալիր փորձագիտություն, հարցաքննվել են վկաներ»:

Բաղդասարյանի նկատմամբ շինծու դատական գործը միջազգային մարդասիրական իրավունքների ոտնահարման վառ օրինակ է: Շուրջ 1,5 ամիս Ադրբեջանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների թույլ չէր տվել տեսակցել նրա հետ:

ԼՂՀ ՊԲն ավելի վաղ հայտնել էր, որ Արսեն Բաղդասարյանը, հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Ադրբեջանական մամուլը հայտնում է, որ Ադրբեջանի «մարդասեր» իշխանավորները որոշել են «նկարիչ» դարձնել օրերս պահակակետը ինքնակամ լքած եւ ադրբեջանական կողմին հանձնված հայ պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին, ով ԼՂՀ Բերդաշեն գյուղից է:

Խոշտանգումների դեմ ադրբեջանական կոմիտեի նախագահ Էլչին Բեհբուդովը եւ նրա տեղակալ Էլչին Շիրինովը հանդիպել են Գրիգորյանին եւ հայտնել հետեւյալը. «Մեզ հետ զրույցում նա ասաց, որ Ադրբեջանում իր հետ լավ են վերաբերվում: Ի տարբերություն իր զորամասի, այստեղ նրան կերակրում են օրական երեք անգամ: Ցանկացած ժամանակ նրան ուտելիք եւ ըմպելիք են տալիս, շաբաթական 4 անգամ բաղնիք են տանում: Նա ասաց, որ ցանկանում է նկարիչ դառնալ, եւ ազատ ժամանակ նկարում է»:

Ահա այսպես. ազատ ժամանակ նա նկարում է: Հետաքրքիր է, թե գերության մեջ գտնվող հայ զինծառայողը ինչով է զբաղված, որ միայն ազատ ժամանակ է կարողանում «նկարչությամբ» զբաղվել: Ի դեպ, դատելով Բեհբուդովի եւ Շիրինովի հետ Գրիգորյանի գրկախառնված լուսանկարում նրա տեսքից, կարելի է համոզվել, որ նա հայտնվել է ադրբեջանական դժոխքում, եւ ոչ թե «դրախտում», ինչպես փորձում է ներկայացնել ադրբեջանական քարոզչամեքենան:

Դրանով ադրբեջանցի վայ քարոզիչները հերթական անգամ թոզ են փչում միջազգային հանրության աչքերին` փորձելով իրենց սուլթանությունը ներկայացնել որպես ժողովրդավարական երկիր, որտեղ, իբր, հարգվում են բոլորի, այդ թվում` ռազմագերիների եւ պատանդների հիմնարար իրավունքներն ու սկզբունքները: Այնինչ, իրականությունն այնտեղ բոլորովին այլ է, ինչի ամենախոսուն եւ թարմ օրինակը հենց ադրբեջանական կողմն անցած հայ զինծառայող Գրիգորյանի` պարտադրանքի տակ արված նկարահանումներն են ու դրանց հարապարակումն է, ինչը նմանատիպ դեպքերի համար նախատեսված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am