ԵՏՄ տարածքում տնտեսական տարին հեշտ չի լինի. Տատյանա Վալովայա

Armenpress 17:50, 30 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրներում տնտեսական և ՀՆԱ-ի աճի ցուցանիշները 2015 թվականին կարող են զիջել նախորդ տարվա ցուցանիշները: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիաի անդամ, նախարար Տատյանա Վալովայան` ընդգծելով, որ 2016-ին կանխատեսում է տնտեսական ճգնաժամի հաղթահարում:

«Հասկանալի է, որ այս տարի տնտեսական աճը և ՀՆԱ-ի մակարդակը կզիջեն նախորդ տարվա ցուցանիշները: Գուցե դա վատ չէ, որովհետև երբեմն ավելի լավ է տնտեսական աճի որոշակի նվազում, հետո կտրուկ թռիչք, քան թե մի քանի տարի շարունակ աճի ցածր մակարդակ: Իսկ տնտեսական տեսանկյունից միությունում տարին հեշտ չի լինելու, սական կարծում եմ, որ 2016 թվականը ելք կլինի տնտեսական այս ճգնաժամից»,- ասաց Վալովայան:

ԵՏՀ կոլեգիայի անդամը խոսեց նաև այս տարի Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառության ծավալների նվազման վերաբերյալ` նշելով, որ հիմա վերլուծում են դրա պատճառները: «Բացի երկու երկրների ցուցանիշները, պետք է նայել նաև համաշխարհային շուկաների միտումներին: Եթե այդ ամենը մի կողմ թողնենք, ապա տնտեսական ցուցանշները ևս բարեհաջող չէին նախորդ տարի: Կարծում եմ` հայկական բիզնեսն արդեն 2016 թվականին կկարողանա օգտվել այն առավելություններից, որ տալիս է միությունը»,- հավելեց նա:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015թվականի հունվարի 2-ից: Համապատասխան պայմանագիրը կկնքվել էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Մինսկում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ: Ավելի վաղ, 2014 թ. մայիսի 29-ին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը Աստանայում ստորագրել էին Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը, որը գործողության ուժ ստացավ 2015 թ.  հունվարի 1-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am