ԼՂՀ վարչապետը հանրապետության ջրային համակարգի աշխատակիցների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

Armenpress 16:25, 25 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ՝ Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին ընդունել է հանրապետության ջրային համակարգի մի խումբ աշխատակիցների՝ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհավորելով ոլորտի աշխատակիցներին հիշարժան օրվա առթիվ՝ վարչապետն անդրադարձել է մարդու կյանքում և բնության մեջ ջրի կենսական նշանակությանը: Արայիկ Հարությունյանը կարևորել է վերջին տարիներին ջրային համակարգում արված մեծ ներդրումները և աշխատանքը, որոնց արդյունքում թե՛ խմելու, թե՛ ոռոգման նոր ջրագծերի կառուցման ուղղությամբ հաջողություններ են  ձեռքբերվել:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ոլորտի պատասխանատուները պարտավոր են իրենց  ամենօրյա աշխատանքով բարձրացնել համակարգի կառավարման որակը, իսկ հետագայում՝ աշխատել կառավարման առավել արդյունավետ մոդելի ձևավորման ուղղությամբ: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ իրականացվելիք խոշոր նախագծերը համակարգը դարձնելու են առավել կայուն և արդյունավետ:

Ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում ունեցած երկարատև արգասաբեր գործունեության համար և ջրի համաշխարհային օրվա առթիվ, մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են Արցախի Հանրապետության վարչապետի հուշամեդալով և պատվոգրերով:

Արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը ջրային համակարգի բոլոր աշխատակիցների անունից շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին ջերմ ընդունելության և պարգևների համար: Նա հավաստիացրել է, որ այսուհետ ևս համակարգի աշխատակիցներն իրենց գործն անելու են մեծ պատասխանատվությամբ ու եռանդով, մանավանդ որ ոլորտը գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում, և դրանում մեծ ներդումներ են կատարվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am