Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է ԲՀԿ խոսնակի պարտականություններից

Armenpress 12:16, 6 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է կուսակցության  խոսնակի իր պարտականություններից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Տիգրան Ուրիխանյանը: «Ես դադարեցրել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակի իմ պարտանականությունները: Սակայն ես շարունակելու եմ լինել ժողովրդի կողքին և լինել նրա շահերի պաշտպանության ջատագովը, ինչպես միշտ եղել եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է լքի  նաև կուսակցությունը, պատգամավորն ասաց, որ ոչ մի այլ հարցի պատասխան այս պահին չունի: «Մնացած բոլոր հարցերին ես կպատասխանեմ հետո, այս պահին ես այլ հարցի պատասխան չունեմ»,- ընդգծեց պատգամավորը:

Ավելի վաղ «Ֆեյսբուք»-ի իր էջում Ուրիխանյանը կատարել էր հետևյալ գրառումը. «Շնորհակալություն եմ հայտնում իմ հարգելի գործընկերներին` բոլոր լրագրողներին այս տարիների համագործակցության համար: Ցանկանում եմ ընդգծել, որ ինձ համար մեծ պատիվ է եղել ձեզ հետ աշխատելը, և այս խոսքերը վերաբերվում են բոլորին առանց բացառության, այդ թվում նրանց, ում հետ աշխատանքային վեճեր կամ տարակարծություններ են եղել»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am