12- ամյա Հայկ Բաբայանը 35-րդն էր Եվրոպայի առաջնությունում

Armenpress 10:29, 6 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդներում ընթացող Եվրոպայի առաջնությունում օդամղիչ հրացան, 10մ, երիտասարդ տղաների պայքարում (60 կրակոց) Հայկ Բաբայանը 608,9 միավորով գրավել է 35-րդ տեղը: 12-ամյա Հայկ Բաբայանը ոչ միայն օդամղիչ հրացան վարժության, այլև Եվրոպայի առաջնության ամենակրտսեր մանակիցն է:

Ավելի ուշ վազող թիրախ, 10մ, երիտասարդ աղջիկների պայքարում կմրցեն (20+20 կրակոց) Լիլիթ Մկրտչյանը, նույն վարժության տղաների պայքարում (30+30 կրակոց) հանդես կգան Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանն ու Արթուր Պետրոսյանը: Օդամղիչ հրացան, 10մ, կանանց պայքարին (40 կրակոց) կմասնակցի Իրինա Լաուերը (Աղաջանյան) և օդամղիչ ատրճանակ, 10մ, տղամարդկանց պայքարին (60 կրակոց) կմասնակցի Նորայր Առաքելյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է հրաձգության ֆեդերացիան:

Մարտի 2-8-ը Նիդեռլանդների Առնեմ քաղաքում տեղի է ունենում հրաձգության Եվրոպայի առաջնությունը 10մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ, վազող թիրախ զենքաձևերից: Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 43 երկրի 521 մարզիկ, որոնցից 11-ը` Հայաստանից: Հայ մարզիկները մասնակցում են հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի և Հրաձգության հանրապետական մարզադպրոցի սաներից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am